ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երկիր, որին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը

Երկիր, որին վերապահված է  հանգստյան գոտու և ցիտրուսեղենի  աճեցման բազայի նախկին դերը
27.10.2013 | 13:10

Վերջին տարիներին Աբխազիան մյուս չճանաչված պետությունների շարքում առանձնանում էր քաղաքական ակտիվությամբ։ Դիտորդների վրա մեծ տպավորություն է գործում Աբխազիայում տեղի ունեցող ընտրությունների բնույթը։ Իրականում այստեղ այդքան նշանակալի քաղաքական բազմազանություն չկա, ինչպես թվում է որոշ փորձագետների։ Այդ բազմազանության տպավորությունը գալիս է ավանդական կլանների գոյությունից, որոնք մի տեսակ փոխարինում են քաղաքական կազմակերպություններին։
Դրա հետ մեկտեղ, աբխազական հանրությունը ցույց է տվել, որ բարդ ու լարված պայքարի պայմաններում ընդունակ է հանգելու փոխզիջումային լուծումների։ Եվ չնայած առճակատման իրադրություն ստեղծելու Վրաստանի նախորդ քաղաքական ղեկավարության բազմաթիվ փորձերին, աբխազական իշխանությունները կարողացել են պահպանել կայունությունն ու ապահովել բավարար իրավակարգը, ինչին նպաստում են նաև տեղական ավանդույթներն ու սովորույթները։
Սոցիալական իրադրությունն Աբխազիայում բնորոշվում է կոռուպցիայի բարձր մակարդակով, տնտեսավարման ցածր մակարդակով, տնտեսական գործունեության կազմակերպման կլանային ձևերով, որևէ նշանակալի ներդրման բացակայությամբ։ Աբխազ հանրությունը հասկացել է, որ երկրին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը։ Որոշ նշանակություն կարող են ունենալ անտառային, հանքային և հիդրոէներգետիկ պաշարները։ Դարձյալ որոշիչ գործոն է բնակչության հակումը սպասարկման ոլորտի զբաղմունքին։ Այս հեռանկարի առկայությունը քաղաքական տեսանելի բարօրության հույսեր է ներշնչում, ինչը չի կարելի ասել Հարավային Օսիայի առնչությամբ։ Միաժամանակ, Աբխազիայի արևելյան մասում, ուր զբոսաշրջությունն առայժմ զարգացում չի ստացել, տնտեսական խնդիրներն ավելի լարված են, բնակչության սոցիալական կենսամակարդակն ավելի ցածր է, սոցիալական լավատեսություն չի զգացվում։ Հարկ է նշել, որ իշխանությունների մասնակցությամբ ստեղծված տնտեսական շատ կառույցներ անիմաստ են, հաճախ խղճուկ գոյություն են քարշ տալիս, շատ ձեռնարկությունների գոյությունը ձևական է, այդպես էլ չկարողանալով լուծել որևէ խնդիր։
Գործադիր իշխանությունում միասնական թիմի զգացողություն չկա։ Նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարի պոստերն զբաղեցնում են քաղաքական գործիչներն ու այնպիսի պաշտոնատար անձինք, ովքեր յուրօրինակ և տարբեր դիրքորոշում ունեն քաղաքական, սոցիալական ու տնտեսական հարցերում։ Սակայն դա կառավարության աշխատանքում երկպառակության և անհամաձայնության չի հանգեցնում, լուրջ խնդիրներ չի առաջացնում` շնորհիվ այն կլանների ազդեցության ու դիրքորոշումների հաշվեկշռվածության, որոնք ներկայացված են իշխանական կառույցներում։ Այդ «կլանային դրականությունը» մեծապես բացատրվում է նաև պատասխանատու քաղգործիչների ու պաշտոնատար անձանց երկյուղներով, որ իշխանությունը կթուլանա, իրենց երկիրը ի վիճակի չի լինի հետ մղելու արտաքին սպառնալիքը, եթե երկրում ներքին անկայունություն լինի։ Խորհրդարանական ընտրությունները բացահայտորեն ցույց տվեցին, որ բնակչությունը հիասթափված է իշխանությունների քաղաքականությունից, ինչն առավելապես վերաբերում է ներքին, սոցիալական խնդիրներին։ Հասարակական կարծիքի հարցումները, որ անցկացվում էին արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների, մասամբ նաև տեղական կազմակերպությունների կողմից, ցույց են տալիս, որ բնակչությունն առավելապես բացասաբար է վերաբերվում կադրային քաղաքականությանը, այդ թվում` տեղական մարմիններում, տնտեսական գործունեությանն աջակցելու հարցում խտրականության ցուցաբերմանը, սոցիալական անարդարության խորացմանը, գործուն ագրարային և տարածաշրջանային քաղաքականության բացակայությանը։ Կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնականում ընկալվում է որպես այլընտրանք չունեցող և բավականին արդյունավետ։ Սակայն այդ ոլորտում տարաձայնություններ կան գործադիր իշխանության, ինչպես նաև խորհրդարանի ղեկավարության շրջանում։ Իհարկե, այդ իրադրությունը հետևանք է, նախ և առաջ, Աբխազիայի միջազգային կարգավիճակի անորոշության, արտաքին աջակցության հարցում եղած անվստահության։ Աբխազիայի ղեկավարության և առհասարակ քաղաքական շրջանակներում որոշ շփոթմունք ու տարակուսանք է տիրում այն իրադրության առնչությամբ, որ առկա է Ռուսաստանի ու Վրաստանի փոխհարաբերություններում, նախ և առաջ` կապված Սուխումի ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցության բացման հարցի հետ։ Այդ առթիվ հետևյալ կարծիքն ու գնահատականներն են իշխում։ Քանի որ բավական երկար ժամանակ Ռուսաստանի և Վրաստանի միջև առճակատման հարաբերություններ էին, Աբխազիայում հույս ունեին, թե դրանք էլի կշարունակվեն։ Բայց այդ ենթադրությունները բավականաչափ հստակ ձևակերպում չունեն, և ավելի ու ավելի են մեծանում երկյուղները, որ շահագրգիռ կողմերին կհաջողվի «Աբխազիայի թիկունքում» հանգել նրա շահերին հակասող սկզբունքային պայմանավորվածությունների։
Աբխազիայի քաղաքական ղեկավարությունը տարրական տեղեկություններ չունի տեղի ունեցող իրադարձությունների մասին, բազմակողմանի վերլուծությամբ ապահովված չէ և ընդունակ չէ տեղեկատվական վերլուծական աշխատանք կազմակերպելու։ Արտքաղաքական գերատեսչությունն ու անվտանգության խորհրդի քարտուղարությունը որոշումներ ընդունելու համար բավարար տեղեկություններ չեն ստանում, չունեն կարգավորված լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ աշխատակազմեր։ Դժվարություններ կան անգամ Վրաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկություններ ստանալու հարցում։ Աբխազական կառավարության ներկայացուցիչներն արտասահմանում ամենևին ի վիճակի չեն կառավարելու տարրական տեղեկատվությունը։ Աբխազիայի անկախության միջազգային ճանաչումը շատ փոփոխություններ մտցրեց տարբեր խմբերի ու ղեկավար անձանց վարքագծում, նոր խնդիրներ առաջադրեց, և, բնականաբար, մեծացան հավակնությունները։
Աբխազիայի քաղաքական ղեկավարությունն առանձնանում է հայացքների տարբերությամբ, ինչը ներկայումս հանգում է երեք կարևոր ուղղությունների. լիակատար բարեհաճություն Ռուսաստանի քաղաքականության հանդեպ` ցանկացած դրսևորման պարագայում, աննշան տարակարծություն Արևմտյան ընկերակցության հետ հարաբերությունների հարցում, բուն Վրաստանի հետ հարաբերությունները, այդ թվում` ընթացիկ կամ հնարավոր ավելի սկզբունքային բանակցությունների շրջանակներում։ Սակայն առավել արմատական փոխզիջում, որը նկատի ունենար Աբխազիայի նկատմամբ Վրաստանի ցանկացած ձևի գերիշխանության վերականգնում, աբխազական, փաստորեն, բոլոր քաղգործիչներն անկարելի են համարում։ Չնչին բացառությամբ, մի 3-4 մարդ դա հնարավոր է համարում Ռուսաստանի հնարավոր դիրքորոշման պարագայում, բայց ոչ երբեք որպես առավել ցանկալի լուծում։ Ներկայումս վաղ կլիներ պնդել, թե Աբխազիայում կարող է Ռուսաստանի հանդեպ կասկածի ու անվստահության մթնոլորտ առաջանալ, քանի որ հարկ է նկատի ունենալ, որ հասարակական ուժերը նման հիմքեր չունեն, իսկ քաղաքական շրջանակները սոսկ որոշակի ակնկալիքներ ունեն ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման առումով։ Ճիշտ է, Ռուսաստանի առանձին ներկայացուցիչների որոշ արտահայտություններ (դժվար է ասել, թե հատկապես ում են ներկայացնում նրանք) նյարդայնացնում ու թշնամանք են առաջացնում։ Հնարավոր է, որ այդ հանգամանքները ծնունդ են առնում տեղեկության և արտքաղաքական գործունեության ոչ ճիշտ կառուցման պայմաններում, սակայն հետաքրքիր են Ռուսաստանի այդ ներկայացուցիչների, օրինակ, հանրահայտ Եվգենի Պրիմակովի գործունեության շարժառիթները։
Դեռ 90-ականներին շրջանառության մեջ դրվեց Աբխազիայում քաղաքական իշխանության «քվոտավորման», այսինքն, վրաց-աբխազական պետության ստեղծման գաղափարը, որը ենթադրում էր սահմանադրության մեջ օրենսդիր և գործադիր մարմինների համար վավերագրել որոշակի քվոտաներ։ Հիմա, Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո, հասկանալի է դարձել, որ ամեն ինչ չէ, որ «ճանաչումով» լուծվում է։ Եթե աբխազներն ու վրացիները իրական հեռանկարը չհասկանան, ապա իրենց փակուղային վիճակը քարշ կտան երկար տասնամյակներ։
Աբխազական լրատվամիջոցները շարունակում են մնալ ցածր մակարդակի վրա, հիմնականում շաբլոն տեղեկություններ են տարածում, ինչը թեկուզև հայրենասիրական ոգին պահպանելու տեսակետից անընդունելի է, քանի որ դրանք, ոչ կառավարական կազմակերպությունների գնահատմամբ, պատրաստ չեն բնակչությանն առաջարկելու ձևով ու բովանդակությամբ արդիական հանրային բանավեճ, այդ թվում նաև` արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ռուսական լրատվամիջոցների կողքին Աբխազիան խիստ կարիք ունի նաև սեփական ժամանակակից լրատվամիջոցների։ Դրանց բացակայությունը, անկասկած, վնասում է Ռուսաստանի շահերին, քանի որ աբխազական խնդրին առնչվող ընթացիկ քաղաքական իրադարձությունները բավարար չափով արտացոլված չեն ընդհանուր լրատվական հոսքում։
ՈՒշագրավ է, որ Աբխազիայում ձգտում են առավելության հասնել (այդ թվում` քաղաքական ճանաչման մոտենալու առումով) Զուգդիդ-Սոչի երկաթուղու աշխատանքի վերականգնման միջոցով։ Սուխումի տրանսպորտային ուղղությունը Աբխազիայում համարվում է կարևոր ու եզակի քաղաքական գործիք, որը հնարավորություն է տալիս միջազգային ասպարեզ դուրս գալու որպես սուբյեկտ, թեկուզ և սահմանափակ ինքնիշխան իրավունքներով։ Պաշտոնապես աբխազական ղեկավարությանը հետաքրքրում են այդ երկաթուղու սեփականության ձևը և շահագործման ու ստացվող եկամտի բաշխման կարգը։ Հնարավոր է, որ այդ երկյուղներն ինչ-որ չափով իրոք տեղ ունեն քաղաքական առավելություններ ձեռք բերելու փորձերին զուգընթաց։ Բայց տպավորություն է առաջանում, որ աբխազական վերնախավը, չունենալով միջազգային խոշոր տնտեսական նախագծերի ձեռք զարկելու այլ հույսեր, ձգտում է հաստատել իր անձնական ու խմբակային իրավունքները սեփականության և եկամուտների ստացման նկատմամբ։ Աբխազական ղեկավարությունը վկայակոչում է որոշ ռուս բարեկամների գնահատականներն այն առնչությամբ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ նպատակ ունեն ոչ թե ապահովելու հաղորդակցությունն այդ ուղղությամբ, այլ փող լվանալու, թեև այդ պարագայում ոչ մի խելամիտ մեխանիզմ չի մատնանշվում։ Դրա հետ մեկտեղ, կարելի էր հետևցնել, որ Սուխումի տրանսպորտային ուղղության վերականգնման հարցի շուրջ բանակցությունների դադարեցումը մտահոգություն է պատճառել աբխազ քաղգործիչներին, մասնավորապես, փորձեր են եղել պարզելու Հայաստանի դիրքորոշումը։ Այսինքն, թե որքան է Հայաստանը դեռևս շահագրգռված այդ նախագծի իրականացմամբ։ Ընդ որում, երևի որպես կարծիքների փոխանակման առիթ, ասվում է, թե Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանը կորցրել է հետաքրքրությունն այդ նախագծի նկատմամբ, քանի որ նախընտրում է օգտվել վրացական երթուղիներից` ծովային հաղորդակցության միջոցով։ Սակայն հայտնի է, որ Աբխազիայի կառավարությունն ու անվտանգության խորհուրդը խորհրդարանականների մասնակցությամբ մշտապես վերադառնում են այդ նախագծի քննարկմանը։ Հնարավոր է, որ Աբխազիայում ավելի նպաստավոր առաջարկությունների են սպասում այդ հարցի առնչությամբ։
Աբխազ քաղգործիչների գնահատմամբ, Թուրքիայի քաղաքական ու տնտեսական ներկայությունն Աբխազիայում աննշան է։ Հնարավոր է, այդ գնահատականը պայմանավորված է նրանով, որ արտաքին ուշադրությունը չսրվի այդ խնդրի նկատմամբ, ինչը ևս զգացվում է նրանց հետ շփվելիս։ Հնարավոր է, Աբխազիայում ակնկալած լինեն Թուրքիայի ավելի լայն ներկայություն, ուստի և թուրքական մասնակցության ներկա մակարդակը, իրոք, աննշան է թվում։ Սակայն վկայակոչվող փաստերը խոսում են այն մասին, որ Թուրքիան շարունակում է Աբխազիայի հանդեպ ուշադրությունը պահպանել` համադրելով Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության դիրքորոշման հետ։ Վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունն ու մասնավոր ընկերությունները Աբխազիայում ստեղծել են մի քոլեջ, ուր ուսանում է 2000 մարդ, հումանիտար օգնություն է ցուցաբերվել բնակչության տարբեր խավերի և որոշ հասարակական կազմակերպությունների, կառուցվել է ժամանակակից հյուրանոց։ Առավել խոշոր տնտեսական նախագիծը Թղվարչելիի ածխահանքի շահագործումն է, կատարվում են բավական ծավալուն փայտամշակման աշխատանքներ։ Հարկ է նշել, որ Թուրքիան հիասթափություն է առաջացրել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի այն բոլոր շրջաններում ու երկրներում, որտեղ սպասվում էր նրա ավելի լայն մասնակցություն։ Այդուամենայնիվ, Աբխազիայի իշխանությունների ու հասարակայնության ներկայացուցիչները կանոնավորապես Թուրքիա են հրավիրվում թուրքական կառավարության հսկողության տակ գտնվող զանազան հիմնադրամների ու կազմակերպությունների կողմից։ Թուրքիայի ներկայացուցիչներն էլ Աբխազիա են այցելում։ Վերջերս, իհարկե, Վրաստանի համաձայնությամբ, Աբխազիա էին այցելել թուրք դիվանագետներ և Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական ներկայացուցիչներ։ ՈՒշագրավ է նաև Աբխազիայի նորընտիր նախագահի այցը Թուրքիա։ Աբխազիայի ղեկավարության վկայությամբ, զրույցների ընթացքում թուրքերը մի գլուխ ուզում են որոշ հակաամերիկյան կեցվածք ընդունել, հավանաբար հուսալով, թե այդ տեղեկությունը կհասցվի Մոսկվային։ Թուրք դիվանագետները ուշադրություն էին նվիրում այն քաղաքական գործընթացներին, որոնք ծավալվում են Սև ծովի ավազանում, ինչպես նաև Վրաստանի խնդիրներին` կապված ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ Այն կարծիքն է հայտնվել, որ այդ գործընթացների զարգացումը, անշուշտ, ավելի հստակորեն կմատնանշի Աբխազիայի միջազգային դերը։ Թուրքիան ուզում է գոնե որոշ չափով վրաց-աբխազական բանակցությունները թուրքական ասպարեզ, այսինքն, բառացիորեն Թուրքիայի տարածք բերել։
Ներկայումս Աբխազիան միջազգային առումով համարվում է Սև ծով-կովկասյան տարածաշրջանում, Հարավային և Հյուսիսային Կովկասում, առաջին հերթին Հյուսիսային Կովկասի ադըղեաբնակ արևմտյան մասում ազդեցության մեծացման մի շարք նախագծերի իրականացման բանալի։ Այս հանգամանքը Թբիլիսիում շատ լավ են հասկանում և վախենում են, որ Արևմուտքում կիմաստավորեն այդ նոր իրողությունները և կհասկանան ինքնիշխանության, այսինքն, Աբխազիայի միջազգային ճանաչման` որպես Ռուսաստանի դերի թուլացման և խաղային նոր իրավիճակի ստեղծման գործոնի ընդլայնման նպատակահարմարությունը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 43231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ